Ընդդիմության առաջնորդներից Անդրանիկ Թևանյանը կոչ է արել հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից մինչև հոկտեմբերի 5-ը, երբ Իսպանիայի Գրանադա քաղաքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
Ըստ Թևանյանի՝ հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը «պատրաստվում է իրագործել այն, ինչ արել է՝ նախապես պայմանավորվելով Ալիևի և Էրդողանի հետ»։ Ելույթ ունենալով հանրահավաքում՝ նա ասել է, որ եթե Հանրապետության հրապարակում 100 հազար մարդ հավաքվի, ապա Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն իրատեսական կդառնա։
Թեւանյանն ընդգծել է, որ ընդդիմությունը կողմ է վարչապետին առանց ցնցումների իշխանությունից հեռացնելուն և դրա համար ժողովուրդը պետք է հնարավորինս մոբիլիզացվի։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել իշխանափոխության հարցով առանց ցնցումների բանակցել անվտանգության բոլոր պաշտոնյաների և իշխող խմբակցության պատգամավորների հետ։
«Մենք հանուն Հայաստանի ու մեր երեխաների անվտանգության ենք ելել ոտքի: Մենք անելու ենք ճիշտ հակառակը, ինչ Նիկոլն է անում՝ վերականգնելու ենք դաշնակցային հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ, նորմալ հարաբերություններ ենք հաստատելու Արևմուտքի հետ, թույլ չենք տալու ՀՀ անկախության և ինքնիշխանության հաշվին աշխարհաքաղաքական կռիվներ գնան տարածաշրջանում։ Այ սա՛ ենք անելու։ Մեր գործը ներկայությունը կրկնապատկելն է, ալարել չկա: Ավելի լավ է փողոցում կանգնենք, քան խրամատում»,- ասել է Թևանյանը՝ կոչ անելով վաղը (սեպտեմբերի 26) առավոտյան ժամը 8-ից շարունակել բողոքի գործողությունները։
Թևանյանը կոչ է արել անհնազանդության ակցիաների ժամանակ իրականացնել 10 րոպեանոց «քշադուլ»։
«Վաղը ժամը 13.30-ին, ով որտեղ գտնվում է ավտոմեքենայով իրականացնում ենք 10 րոպեանոց «քշադուլ»՝ այսինքն կանգնեցնում ենք մեքենան այնտեղ, որտեղ կա և 10 րոպե չենք վարում: Եթե ամբողջ քաղաքն այդ կոչն իրականացնի, ոստիկանությունն այդքան էվակուատոր չունի, այդքան ոստիկան չկա, իսկ երեկոյան ժամը ուղիղ 19։00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում: Այսօր երթ չի լինելու, մարդիկ պետք է հանգստանան, որ առավոտյան սկսեն բողոքի անհնազանդության գործողությունները»:
Նա նաև ներկայացրել է հասցեները, որտեղից սկսվելու են սեպտեմբերի 26-ի անհնազանդության ակցիաները․ Աջափնյակ՝ Մարզահամերգային համալիրի տարածք, Շենգավիթ՝ Գարեգին Նժդեհի հրապարակ, Էրեբունի՝ Սասունցի Դավթի արձան, Կենտրոն՝ Կրկեսի խաչմերուկ, «Երիտասարդական» մետրո, Արաբկիր՝ Սուրբ Խաչ եկեղեցու տարածք, Կայան փողոցում՝ «Երևան Սիթի»-ի մոտ, Զեյթուն՝ «Երևան սիթի»-ի մոտ, Նոր Նորք՝ Գայի արձանի հարակից տարածք, Մալաթիա-Սեբաստիա՝ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի մոտ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին Երևանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ի հանրահավաքում հայտարարել էր ամենօրյա զանգվածային քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին։