«Հրապարակ»-ը գրել է, որ Ազգային կոմիտեում վերջին օրերին լուրջ տարաձայնություններ են առաջացել, մեղադրել են իրար, մեկին գործընկերոջ հռետորիկան դուր չի եկել, մյուսին՝ անհասցեականությունը։
Ըստ հրապարակման՝ Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել, քանի որ քայլելով մաշեցնելու են շարժումը: Բայց մյուսները վախեցել են պատասխանատվություն վերցնել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանուն աթոռի արյուն թափելու, բայց այդ արյունն իրենց վրա է մնալու:
«Քննադատել են Ավետիք Չալաբյանին` Փաշինյանին անվանական չքննադատելու համար, Թեւանյանի ելույթում են թերություններ հայտնաբերել: Մի խոսքով՝ անգամ կոմիտեի փոքր կազմը երաշխիք չէ, որ հայերն ընդհանուր հայտարարի կգան, ինչն էլ դարձել է հանրահավաքը հետաձգելու պատճառ»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, 19:00-ին հայտարարված հանրահավաքը ժամեր անց չեղարկվեց: Ազգային կենտրոնից նոր հանրահավաքի անցկացման մասին տվյալներ չհաղորդվեցին: Իսկ հանրահավաքի չեղարկման համար պատճառը համոզիչ չէր ընդդիմադիր շրջանակների և պայքարող մարդկանց համար:
Նշենք, որ Երևանում ու Հայաստանի որոշ մարզերում սեպտեմբերի 19-ից տեղի են ունենում բողոքի ու անհնազանդության ակցիաներ՝ ի պաշտպանություն Արցախի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականաի պահանջով: Առավոտյան 8-ից անհնազանդության ակցիաներ էին սկսվում մայրաքաղաքի մի շարք փողոցներում: Ցուցարարները փորձում էին փակել երթևեկության ընթացքը: Երեկոյան ընդդիմությունը կազմակերպում էր մեծ հանրահավաքներ և քայլերթեր:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին:
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։