ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումն անվանել է «ծայրահեղ թշնամական» քայլ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, հայտնում է TACC-ը։
«Ռուսաստանը չի ողջունում Հայաստանի մտադրությունը՝ միանալ Հռոմի ստատուտին»,- ասել է Պեսկովը։
Նա նշել է նաև, որ Կրեմլն ուշադիր հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ ներառյալ հումանիտար ասպեկտը։
«Ռուսաստանին հատկապես անհանգստացնում է Ղարաբաղից հայերի հեռանալու հումանիտար ասպեկտը. կարևոր է, որ մարդիկ ապահովվեն նորմալ պայմաններով»,- ասել է նա։
Պեսկովը տեղեկացրել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում Հայաստան այցելություն չի նախատեսել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է տվել Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագծին, այն կներառվի ԱԺ քառօրյայի օրակարգում։
Սեպտեմբերի 13-ին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Հռոմի ստատուտը լիարժեք վավերացնելու է։ Նա նշել էր, որ դա որևէ կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ։ Սեպտեմբերի 13-ին պաշտոնական Մոսկվան Երևանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը որակել էր որպես «ոչ բարեկամական գործողություն»։
Սեպտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը Ազգային ժողով էր ուղարկել ՄՔԴ Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծ։ Կանոնադրության նախագիծը խորհրդարան ուղարկելու կառավարության մտադրության մասին հուլիսի 22-ին հայտարարել էր Արդարադատության նախարարության ղեկավար Գրիգոր Մինասյանը։
Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի կանոնադրությունը ճանաչել էր Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան։ Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։ ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը կոչ էր արել Հայաստանի խորհրդարանին գնահատել Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը։