ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ: Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ԶԼՄ տեղեկություններով՝ Գրիգորյանին Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնում առաջադրելու հարցում մեծ դերակատարում են ունեցել Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպաններ: Նրանցից մի քանիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել են, որ եթե Քրիստիննե Գրիգորյանը նշանակվի այդ պաշտոնին, ապա իրենք ամեն կերպ կօգնեն Հայաստանին, կնպաստեն նորաստեղծ այդ կառույցի զարգացմանը:
Եվ հենց այդ ամենը հաշվի առնելով ու փոխադարձ քննարկումների արդյունքում եւ համաձայնությամբ թեկնածությունը հենց Գրիգորյանի վրա է կանգ առել, որից հետո էլ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական է տվել օմբուդսմենի պաշտոնից: Նկատենք՝ անկախ կառույց գլխավորած Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է դառնալ վարչապետին ենթակա մարմնի՝ Արտաքին հետախուզական ծառայության պետ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 24-ին մեկամյա պաշտոնավարումից հետո դադարեցվել են ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները՝ սեփական դիմումի համաձայն:
Նշենք, որ Արտաքին հետախուզությունը վարչապետին ենթակա կառույց է: