Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ԵՄ-ին մեղադրել է Երևանի նկատմամբ «ամենաստոր դիրքորոշման» մեջ։ Նա այսպես է մեկնաբանել եվրոպացի դիտորդների գործողությունները Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների լույսի ներքո (ներառյալ սեպտեմբերի 19-ին և 20-ին տեղի ունեցած բախումները)։
«Սկզբում նրանք զբաղված էին Հայաստանին հորդորելով և խոստումներ տալով և Երևանին գցեցին ծուղակը, հետո դարձան լուռ վկաներ, թե ինչպես է զարգացել իրավիճակը»,- ընդգծել է ռուս դիվանագետը։
Նա նշել է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն հետ պահեցին Հայաստանին Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից։
«Եվ Բրյուսելն այն հիմնական ձայներից էր, որ ոչ թե պետք է իրականացնել այն ամենը, ինչ պայմանավորվել են Մոսկվան, Երևանը և Բաքուն, այլ պետք է գնալ ինչ-որ հատուկ ճանապարհով։ Ցավոք, մենք բոլորս հիմա տեսնում ենք, թե ուր է տանում այս ճանապարհը»,- ասել է Զախարովան։
«Հենց ԵՄ-ն է գագաթնաժողովներ գումարել Պրահայում և Բրյուսելում, որտեղ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք», ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ Ռուսաստանին ուղղված «հայ ժողովրդին դավաճանելու» մեղադրանքները։
Զախարովան հիշեցրել է, որ մինչ այս Հայաստանն այս հարցում ճիշտ հակառակ դիրքորոշում ուներ։
Անդրադառնալով Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հնարավոր արգելքին՝ Զախարովան ասել է․ «Սա հարված է ժողովրդավարությանը և այն հիմքերին, որոնք կազմում են Երևանի ներկայիս իշխանությունների քաղաքական հարթակը»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։