Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին զինելու Ֆրանսիայի մտադրություններն անվանել է Փարիզի կողմից Երևանը «ռազմական արկածախնդրության» մեջ «ներքաշելու» փորձ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև մեղադրել է Փարիզին միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձի մեջ՝ պնդելով, որ տարածաշրջանը լքած հայ բնակիչներին բռնի տեղահանել են։
Բաքուն հերքել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննայի մեղադրանքները, թե Ադրբեջանը հանցագործություններ է կատարել Ղարաբաղում, և Հարավային Կովկասում Փարիզի քաղաքականությունն անվանել է «ձախողված»։
Հոկտեմբերի 3-ին իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո Կոլոննան հայտարարել էր, որ Հայաստանն ու Ֆրանսիան մտադիր են պայմանագիր կնքել Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ։ Նա ասել էր, որ դիմել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ ընդլայնելու ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում և ուժեղացնելու նրա մանդատը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
Հոկտեմբերի 3-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 100 625 մարդ։