Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարն Ազգային կանխարգելման մեխանիզմի շրջանակներում մշտադիտարկում է իրականացրել ձերբակալվածների իրավունքների ապահովման վիճակը։
Ինչպես հայտնել են ՄԻՊ գրասենյակից, այցերի շրջանակներում Դավիթ Բաբայանին ընդունել են գաղտնի։
Ուսումնասիրել են Բաբայանի պահման և բուժման պայմանները, օրենքով նախատեսված իրավունքների ապահովման վիճակը։ Նրա դիմումներին օմբուդսմենն արձագանքել է տեղում։
Հաղորդվում է, որ Բաբայանին տրամադրել են ակնոց, գրադարանի և տեղեկատվության հասանելիություն։ Բաբայանին իր իրավունքները պաշտպանելու համար տրամադրվելէ փաստաբան։
Սեպտեմբերի 30-ին հայտնել էինք, որ Ադրբեջանում կալանավորվել են Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որոնք ավելի վաղ գերեվարվել էին Բաքվի կողմից։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ ՀՀ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը, ևս սեպտեմբերի 29-ին էր գերեվարվել։ Սեպտեմբերի 28-ին գերեվարվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Հոկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի գերեվարման մասին, որոնց Ադրեջանն ավելի ուշ՝ հոկտեմբերի 5-ին, ձերբակալել էր։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։