Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձ է կատարել իր Գրանադա կատարած այցին՝ նշելով տեղի ունեցած հանդիպումների առավելությունները և գլխավոր թերությունը։
Որպես այցի առավելություններ Փաշինյանն առանձնացրել է հետևյալ կետերը՝
-
Երկու շատ կարևոր հայտարարություն՝ քառակողմ (Փաշինյան-Մակրոն-Շոլց-Միշել) և երկկողմ (Փաշինյան ֆոն դեր Լայեն)։
-
ԵՄ-ում ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացման մեջ կա կոնսենսուս՝ Եվրահանձնաժողովը և ԵԽ-ն արձանագրեցին այս փաստը։
-
Արձանագրվեցին, թե որոնք պետք է լինեն մեր տարածաշրջանում խաղաղության հենասյուները՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների փոխադարձ ճանաչումը և սահմանների դելիմիտիացիան, որը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա և համաձայն կողմերին փոխանցված Խորհրդային միության վերջին շրջանի քարտեզների։
-
Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո։
-
Դատապարտվեց ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը և արձանագրվեց ԼՂ բնակչության բռնի տեղահանումը, արձանագրվեց, որ ԼՂ հայերը պետք է իրավունք ունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ առանց նախապայմանների և պաշտպանված։
-
Արձանագրվեց ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատրաստակամությունն աջակցել ՀՀ-ին ստեղծված հումանիտար իրավիճակի կառավարման գործընթացում։
Որպես գլխավոր թերություն ՀՀ վարչապետը նշեց ընդունված քառակողմ հայտարարության տակ Ադրբեջանի ստորագրության բացակայությունը, որի առկայությունը «Խաղաղության պայմանագրի» կնքումն ավելի քան 70 տոկոսով հավանական կդարձներ։
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել էր Բրյուսել հանդիպման մինչև հոկտեմբերի վերջ։
Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալիևը հրաժարվել է Գրանադայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, ինչն ավելի ուշ, հաստատավել էր նաև Նիկոլ Փաշինյանի կողմից։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։