Ռուսաստանն արձանագրում է Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերի առաջմղման փորձերը, որոնք տարածաշրջանում հակառուսական տրամադրությունների համար հող ստեղծելու նպատակ ունեն, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը Հայաստանի միջոցով Անդրկովկասի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների շահերն առաջ մղելու փորձեր է տեսնում։ Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա արհեստականորեն է արվում։ Մենք գիտենք հասարակական կազմակերպությունների այն քանակի մասին, որոնք Հայաստանում ստեղծվել են վերջին տարիներին։ Նախկինում ևս դրանք քիչ չեն եղել»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ այդ կազմակերպությունները ոչ թե Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերություններն առաջ մղելու, այլ ճիշտ հակառակն անելու համար են ստեղծվում։
«Դրանք միտված են հակառուսական տրամադրություններ ստեղծելուն, իսկ նպատակը Հայաստանի միջոցով այդ տարածաշրջանում, առաջին հերթին, ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների շահերի առաջմղմանը նախապատրաստվելն է»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ «այդ փորձերն ինչ-որ արդյունքների են հասնում»։ Միևնույն ժամանակ՝ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը «խորը համոզմունք ունի, որ հայ ժողովուրդն իր ճնշող մեծամասնությամբ շահագրգռված է ՌԴ-ի հետ ավանդական, պատմականորեն եղբայրական կապերի զարգացմամբ»։
«Մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույց էր տալիս, և այնտեղ նա հստակ ասաց, որ Հայաստանը չի փոխում իր քաղաքական ուղենիշները։ Հուսանք, որ այդ դիրքորոշումը կգերակշռի՝ չնայած Երևանին այլ ուղղությամբ տանելու փորձերին»,- հավելել է նա։
Հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերություն եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ոչ մի արտաքին քաղաքական վեկտոր չի փոխում։