Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը։
Միյատովիչը հայտարարել է, որ հատուկ ուշադրություն կդարձնի հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքների հետ կապված իրավիճակին։ Նա նաև հանդիպումներ կունենա կառավարության, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, իսկ այցից հետո հանդես կգա հայտարարությամբ, ասվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուս խաղաղապահների առաջարկը զինադադարի, ՊԲ-ն ցրելու և ամբողջությամբ զինաթափելու մասին։
Արցախի նախագահ Սամվել Շահնամանյանը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին, որից հետո Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 100 632 մարդ։