Թեհրանում տեղի է ունեցել Միրզոյան-Բայրամով ոչ պաշտոնական շփում, ինչը սովորական է նման հարթակների համար, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Ա ԶԼՄ-ները, հղում անելով Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, հայտնել էին, որ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում կայացել է Հայաստան և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
«3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում պատերազմն «ավարտվել է», իսկ ՌԴ ԱԳ նախարարը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը «մեծ հաշվով» լուծվել է։
Հոկտեմբերի 24-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ընթանում է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը, որին մասնակցում են Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցել հանդիպմանը։ «3+3» ձևաչափով տարածաշրջանային պլատֆորմի հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում: