Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում պատերազմն «ավարտվել է»։ Այս մասին նա ասել է Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպմանը, հաղորդում է PressTV-ն։
Նախարարի խոսքով՝ այժմ «ժամանակն է խթանել խաղաղությունը, համագործակցությունը և տարածաշրջանում առաջընթացը»։ Նշելով «պատմական հնարավորությունը», որն այժմ առաջարկվում է տարածաշրջանի բոլոր երկրներին՝ ընդլայնելու համագործակցությունը, Աբդոլլահիանն ասել է, որ Թեհրանի հանդիպումը նպատակ ունի «խնդիրները լուծելու, կոլեկտիվ համագործակցության ընդլայնման, խաղաղության հաստատման և տնտեսական զարգացման ու բարգավաճման հասնելու համար օգտագործել տարածաշրջանային ներուժը»:
Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, ավելի վաղ X սոցցանցում կատարած գրառման մեջ իրանցի նախարարը նաև ասել էր, որ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպումը կարող է դառնալ հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման «անկյունաքարը»։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ընթանում է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը: Մասնակցում են Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները: