ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում, այդ թվում` արցախցիների վերադարձ իրենց հայրենի օջախներ, բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն արցախցիների հարցը դիտարկում է Սյունիքում ադրբեջանցիների տեղավորման համատեքստում` սպառնալով, որ հակառակ դեպքում կոշտ միջոցների կդիմի:
Աբրահամյանը հիշեցրել է, որ ադրբեջանցիների` Հայաստան և, մասնավորապես, Սյունիք տեղափոխելու օրակարգն Ադրբեջանը զարգացնում էր դեռ նախորդ տարի, երբ ՀՀ իշխանությունը հավաստիացնում էր, թե պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ադրբեջանցիները երկկողմ օրակարգում նորանոր պահանջներ էին դնում, որն, ի դեպ, սահուն միջազգային քննարկումների դաշտ էր մտնում հայաստանյան իշխանության հանցավոր անտարբերության պայմաններում:
«Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները համատեղ ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման բոլոր ճանապարհների, որն անցնում է շանտաժի և սպառնալիքի ուղեկցությամբ»,- գրել է Աբրահամյանը:
Ավելի վաղ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է բանակցություններ սկսել՝ արցախցիների վերադարձը հայրենիք «ամրագրելու» համար։
Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ասել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություններ կան։ Նա հայտարարել էր, որ առաջիկա երեք տարիներին նախատեսվում է «Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր վերադարձնել մինչև 100 հազար տեղահանվածների»։ Հոկտեմբերի 17-ին երկրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ալիևը նրանց խոստացել էր «վերադառնալ» Սյունիքի մարզ «ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։