Հոգեբան Միհրդատ Մադաթյանը և ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, որոնք 2021-ին «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածուներ էին առաջադրվել, հրաժարվել են պատգամավորական մանդատից։ Հոգեբան Միհրդատ Մադաթյանը դաշինքի ցուցակում 47-րդն էր, Գերասիմ Վարդանյանը՝ 49-րդը։
Միհրդատ Մադաթյանը մանդատից հրաժարվելու մասին հայտնել է Armenia Today-ին։ Ըստ ցուցակի՝ նրան պետք է անցներ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի մանդատը, քանի որ բժիշկ Չարչյանը հոկտեմբերի 23-ին հրաժարվել էր մանդատից, և որոշել էր շարունակել իր մասնագիտական աշխատանքը։
Armenia Today-ի հետ զրույցում հոգեբան Միհրդատ Մադաթյանը չմեկնաբանեց լուրը, թե «Հայաստան» դաշինքում որոշել են Արմեն Չարչյանի ազատ մանդատն իր փոխարեն փոխանցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ այս պահին կալանքի տակ գտնվող Լևոն Քոչարյանին, որը դաշինքի ցուցակում 50-րդ համարն է։
«Ես միայն իմ մասով կարող եմ ասել, որ, այո՛, տեխնիկական պատճառներով հրաժարվել եմ իմ մանդատից»,- հայտնել է Մադաթյանը։
Մանդատից հրաժարվելու հրապարակավ հայտարարություն է արել Գերասիմ Վարդանյանը։
«Լինելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ և նկատի ունենալով իմ աշխատանքային ու կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև որոշ այլ հանգամանքներ՝ անձնական որոշում եմ կայացրել, համաձայն որի՝ այս փուլում իմ խորհրդարանական գործունեությունը նպատակահարմար չեմ համարում»,- հայտարարել է Վարդանյանը։
Նա հավելել է, որ ազատ հայրենիք ունենալու համար շարունակվելու է մինչև վերջ պայքարել։
«Հրապարակ օրաթերթի» տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշել են Չարչյանի ազատ մանդատը փոխանցել Լևոն Քոչարյանին՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն, որը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին (դատարանը նրա կալանքը հոկտեմբերի 19-ին 2 ամսով երկարաձգել է)։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Armenia Today-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը, թե դաշինքում Լևոն Քոչարյանին մանդատը փոխանցելու որոշում է ընդունվել։ Նա հորդորեց սպասել հայտարարություններին։
Նշենք, որ Միհրդատ Մադաթյանին ցուցակով հաջորդում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Անժելա Նալբանդյանը, որն այս պահի դրությամբ մանդատից հրաժարվելու կամ մանդատը վերցնելու մասին հայտարարություն չի արել։
Սեպտեմբերի 22-ին կարմիր բերետավորների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել և հոսպիտալացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր վերջինիս ձերբակալության մասին (ոստիկանները հաղորդում էին ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել)։ Սեպտեմբերի 25-ին Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվել էր: Հոկտեմբերի 16-ին վերջինիս կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել։ Հոկտեմբերի 19-ին Լևոն Քոչարյանը կալանքը երկու ամսով երկարաձգվել էր։