Հայաստանը պատրաստ է գալ Բրյուսել, բանակցությունները հասցնել վերջնական կետի և կնքել խաղաղության պայմանագիրը, Բրյուսելում ընթացող Հայաստան-Եվրոպա համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք Բրյուսելում եռակողմ հանդիպմանը։ Հոկտեմբերի վերջին Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպման մասնակցել, բայց, ցավոք, այդ հանդիպումը տեղի չի ունեցել։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում դա հնարավոր կլինի, և պատրաստ ենք խաղաղության»,-ասել է Գրիգորյանը։
Նա ընդգծել է, որ այս պահին ՀՀ իշխանության հիմնական մոտեցումների թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հստակեցումն է։
«Մենք այս պահին ուզում ենք, որ հստակեցվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, հրապարակային հաստատվի 29,800 քառակուսի կիլոմետր ՀՀ տարածքային ամբողջականությունը, ապաշրջափակումը տեղի ունենա չորս սկզբունքների հիման վրա։ Սրանք կարևոր սկզբունքներ են, որոնց շուրջ մենք պատրաստ ենք բանակցություններն ավարտին հասցնել, ինչպես նաև լուծել հումանիտար բոլոր այն խնդիրները, որոնք կան։ Կարևոր հարցերից մեկը գերիների վերադարձն է ու խաղաղության հաստատումը»,-ասել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ նշվածները կարևոր սկզբունքներ են, որոնց շուրջ ՀՀ-ն պատրաստ է բանակցություններն ավարտին հասցնել։
Հոկտեմբերի 5-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Բրյուսել՝ հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպմանը: Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն նախապես պատրաստակամություն են հայտնել առաջիկայում հանդիպում անցկացնել Բրյուսելում:
Հոկտեմբերի 25-ին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ամսվա վերջին Բրյուսելում չեն հանդիպի ժամանակի սղության պատճառով: Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կանադացի գործընկեր Մելանի Ժոլիի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման չեղարկման պատճառի մասին հարցին ի պատասխան ասել էր, որ Ադրբեջանի նախագահը «ժամանակ չի գտել»: Միրզոյանը հույս էր հայտնել, որ խնդիրն իսկապես դա է, և «շուտով հնարավոր կլինի պայմանավորվել հանդիպման նոր ժամկետների մասին»։ Նա վերահաստատել էր բանակցությունների Հայաստանի պատրաստակամությունը։
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը և քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Armenia Today-ի հետ զրույցում խոսել էին Հայաստան-Ադրբեջան բանակցությունների առկա և հնարավոր նոր ձևաչափերի արդյունավետության մասին։
Մանրամասն՝ մեր հոդվածում։