Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է Bastion բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ Հայաստանին մատակարարելու մեջ: Ըստ Ադրբեջանի գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի՝ նշված զինտեխնիկայի փոխանցումը կծառայի «Հայաստանի ռազմական ներուժի և կործանարար գործունեության ամրապնդմանը»։
Հաջիզադեն կարծիքով դա վկայում է այն մասին, որ Ֆրանսիան տարածաշրջանում առաջնորդվում է սխալ շահերով։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը զերծ մնալ Հայաստանին զինելուց և «դատապարտել այնպիսի գործողությունները, որոնք խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հաստատմանը»։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փարիզում կնքված համաձայնագրի շրջանակներում Հայաստանն սկսել է ռազմական օգնություն ստանալ Ֆրանսիայից, հայկական բանակի զրահատեխնիկայի առաջին խմբաքանակն արդեն Վրաստանի տարածքով առաքվում է հանրապետության տարածք։ Նոյեմբերի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածել վրացական Փոթի նավահանգիստ ժամանած տեխնիկայի մասին: Armenia Today-ին չէր հաջողվել կապ հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ մեկնաբանություն ստանալու համար։
Հոկտեմբերի 23-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար Սուրեն Պապիկյանը ստորագրել էին երկկողմ համագործակցության փաստաթղթեր, որոնք ներառում են պաշտպանության ոլորտում փոխգործակցություն։ Ավելի ուշ Reuters-ը հայտնել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք ռադիոտեղորոշիչ կայան։ Երևանն ու Փարիզը պայմանավորվել են նաև զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման շուրջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին զինելու Ֆրանսիայի մտադրություններն անվանել է Փարիզի կողմից Երևանը «ռազմական արկածախնդրության» մեջ «ներքաշելու» փորձ։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության հնարավորությանը` շեշտելով, որ ռազմական ոլորտում Ֆրանսիայի և այլ երկրների հետ համագործակցությունը ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ և միայն պաշտպանական նպատակ ունի: