ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին ճիշտ քայլ է անվանել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելափակումը և հայտարարել, որ անհրաժեշտ է ամերիկյան ԶԼՄ-ներում ավելի անաչառ լուսաբանել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
«Զզվելի է, որ 20 տարի շարունակ մեր արտաքին քաղաքական կառույցն Ադրբեջանի բռնապետությանը հասանելիություն է տվել ամերիկյան զենքին, որն այժմ օգտագործվում է քրիստոնյա հայերին սպանելու համար»,- Այովա նահանգում նախագահական բանավեճի ժամանակ ասել է Ռամասվամին:
Արցախում տիրող իրավիճակի նկատմամբ ուշադրության պակասը քաղաքական գործիչը կապում է այն հանգամանքի հետ, որ վտանգված է քրիստոնյաների կյանքը, ինչը խոշոր լրատվամիջոցներին չի հետաքրքրում։ Նա հիշեցրել է, որ 1994 թվականին միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը, և Վաշինգտոնի աջակցությունը Բաքվին բացատրել է ԱՄՆ-ում ադրբեջանական ուժեղ լոբբիի առկայությամբ։
«Եվ կա ավելի կեղտոտ փոքրիկ գաղտնիք. մենք վճարում ենք դրա համար թե՛ Ուկրաինայի, թե՛ Ադրբեջանի դեպքում։ Ադրբեջանական լոբբին կարողացավ մեծ գումարներ ստանալ, հասնել 907-րդ ուղղման կասեցմանը և Ադրբեջան ամերիկյան զենք ուղարկելու այլ միջոցների։ Դուք պետք է ամաչեք սրա համար»,- ասել է նա։
Թեկնածուի խոսքով՝ հասարակությունը և ավելի լայն քաղաքական շրջանակները պետք է դադարեն շարժվել դեպի կանխորոշված օրակարգ և ընդունեն, որ ԱՄՆ-ն մեծ սխալ է թույլ տվել Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելիս։
Նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատն ընդունել էր S 3000 օրինագիծը՝ «Հայաստանի պաշտպանության մասին 2023 թվականի ակտը», որը դադարեցնում է Ադրբեջանին ռազմական օգնությունը։
Ավելի վաղ Ռամասվամին Բայդենին և ԶԼՄ-ներին մեղադրել էր Արցախի վրա Ադրբեջանի հարձակման նկատմամբ անտարբերության մեջ: Նոյեմբերի 9-ին նա միացել էր հայ համայնքի՝ Մայամիում կազմակերպած հանրահավաքին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին զինելու համար: