Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը դիմել է Հայաստանի արդարադատության համակարգին՝ ստանձնել իր պարտականությունները, բեկանելով Ազգային Անվտանգության Ծառայության որոշումը:
«2022 թվականի հուլիսի 14-ին, երբ ես մեկնում էի Հայաստան, Ազգային Անվտանգության Ծառայությունը արգելեց իմ մուտքը եւ արտաքսման հրաման տվեց՝ ասելով, որ ես «պերսոնա նոն գրատա եմ»։ Դեպքերից 13 ամիս անց՝ 2023 թվականի օգոստոսի 21-ին, նախնական դատական նիստի ժամանակ դատավորը ԱԱԾ-ից պահանջեց ներկայացնել իմ՝ Հայաստան մուտքի արգելքի պատճառները։ Իրադարձություններից 13 ամիս անց նրանք չկարողացան նվազագույն պատճառներ ներկայացնել … Դատավորը 14 օր ժամանակ էր տվել Անվտանգության Ծառայությանը՝ ներկայացնելու իմ հեռացման պատճառները, այսինքն՝ սեպտեմբերի 4-ը։ Փաստաբաններս խնդրեցին, որ կարողանամ հաջորդ նիստին ներկա գտնվել, բայց դատավորը մերժեց, փոխարենը, սակայն առաջարկեց հեռակա կարգով մասնակցել: Անվտանգության Ծառայությունն ի հարկե երբեք չի ներկայացրել պահանջվող տարրերը: Հոկտեմբերին իմացա, որ դատավոր են փոխել, եւ նոյեմբերի 23-ին, ժամը 14:30-ին, պետք է նոր նախնական դատական նիստ անցկացվի։ Դատավորի փոփոխության պատճառ չի նշվում։
Դիմում եմ Հայաստանի արդարադատության համակարգին՝ ձեռք բերել իմ հեռացման պատճառները եւ ինձ իրավունք տալ մասնակցելու այս դատավարությանը։ Իսկ եթե Անվտանգության Ծառայությունը դեռ շարունակի չներկայացնել իմ հեռացման պատճառները, ես ակնկալում եմ, որ այս որոշումը կասկածի տակ դրվի։ Իսկ եթե ականատես լինենք արդարադատության պարզ ձեւականությանես, չեմ վարանի այն փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի չեղարկի այս անհիմն որոշումը: Ես կպայքարիմ վերականգնելու համար Հայաստան վերադառնալու իմ իրավունքը. երկիր, որի համար պայքարել եմ ավելի քան 40 տարի»,- ասված է Փափազյանի հայտարարության մեջ։
2022 թվականի հուլիսի 22-ին վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Փափազյանին արգելվել է մուտք գործել Հայաստանի տարածք, քանի որ նա եղել է 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան մոտ վարչապետի գլխավորած պատվիրակության ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպիչներից մեկը:
2022 թվականի հուլիսի 28-ին Փափազյանը դիմել էր ԱԱԾ՝ պահանջելով բեկանել որոշումը, իսկ հոկտեմբերի 16-ին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի ԱԱԾ-ի։