2023 թվականի ընթացքում ՀՀ տարբեր գերատեսչությունների կողմից ընդունվել են մի շարք նախագծեր, որոնք նախատեսված են իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից: Armenia Today-ը ընթերցողների համար առաձնացրել է հինգ փոփոխություն, որոնք գործելու են այսօրվանից:
Կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձև
Մինչև 10 տարվա ստաժի 1 տարվա արժեքն այլևս չի լինի ավելի բարձր, քան 10 տարուց ավելի ստաժի 1 տարվա արժեքը: Կվերանա նվազագույն կենսաթոշակ հասկացությունը, այն բաղկացած կլինի հիմնական կենսաթոշակից և դրան կգումարվեն յուրաքանչյուր տարվա ստաժի արժեքները: Կգործի նաև գործակից, որով կխրախուսվի ավելի երկար տարիների ստաժը, հետևաբար կխրախուսվի աշխատանքը:
Բացի դրանից՝ մենք ավագ սերնդի ներկայացուցիչներին աշխատաշուկայում ակտիվ պահելու համար ԱԺ-ի աջակցության փոփոխություն կատարեցինք օրենքում, և ըստ այդմ՝ կենսաթոշակային տարիքը չէ այն սահմանը, որ գործատուն պետք է լուծի պայմանագիրը:
Անձնագրում ելքի կնիքի պահանջը կհանվի
Հայաստանից դուրս գալու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ ՀՀ քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում (ելքի կնիք) կատարելու վերաբերյալ պահանջը չի գործելու հունվարի 1-ից։ Գործնականում հնարավոր է, որ առանձին պետությունների որոշ սահմանային անցակետերում անձնագրային հսկողություն իրականացնող աշխատակիցները դեռևս պատշաճ կերպով իրազեկված չլինեն այս փոփոխությունների մասին։
Աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք հայտարարագիր կներկայացնեն
Համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգ ներդնելու որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է 2022 թվականի նոյեմբերին։ Նախատեսվում էր համակարգը աստիճանաբար ներդնել 2023 թվականից։
2024 թվականին կիրականացվի համակարգի ներդրման երկրորդ փուլը՝ գրանցված աշխատողներին վերաբերող։ Մինչև 2024 թվականի վերջ մասնավոր հատվածի աշխատողները և քաղաքացիական պայմանագրերով եկամուտ ստացած աշխատակիցները պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։
Կենտրոնում ավտոմեքենաների կայանման արժեքները կբարձրանան
Երևանի ավագանին ընդունել է կարմիր գծերի թանկացման նախագիծը։ Այսուհետ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով, սահմանելու են Ա և Բ գոտիներ:
Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Ընդունված նախագծի համաձայն՝ նշված հատվածներում 1 ժամվա համար կսահմանվի 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18000 դրամ, մեկ տարվա համար՝ 160 000 դրամ։