Լորդերի պալատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովը հունվարի 10-ին լսումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, հայտնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը։
«Հարցը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի անպատիժ ոտնձգությունն է, և արդյոք դա անհանգստության տեղիք է տալիս։ Եթե այո, ապա ի՞նչ կարելի է անել դրա դեմ»,- հարցրել է բարոնուհի Քերոլայն Քոքսը և հիշել իր այցը հայկական Գորիս քաղաք, որտեղից արդեն երևում են ադրբեջանական դիրքերը։
Լորդ Փոլ Բոատենգը նշել է, որ Լոնդոնը տարածաշրջանային հակամարտությունների պատճառով տեղահանված մարդկանց իրավունքների պաշտպանության առումով լավ փորձ չունի։ Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է օգտագործել Բաքվի վրա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի լծակները՝ հարգելու մարդու իրավունքները Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ երաշխավորելու Արցախի տեղահանվածների՝ Ղարաբաղ վերադառնալու իրավունքը։
«Մեծ Բրիտանիան դեռ լավ համբավ ունի Ադրբեջանում: Քննադատները դա կապում են այն փաստի հետ, որ արտաքին քաղաքականությունը մասամբ փոխանցվել է British Petroleum-ին (BP), ինչը ցինիկ պատասխան կլինի: Ադրբեջանում Բրիտանիային լսում են այնպես, ինչպես մյուս երկրներին չեն լսում»,- եզրափակել է Կառնեգի հիմնադրամի վերլուծական կենտրոնի կովկասյան հարցվերով փորձագետ Թոմաս դե Վաալը:
2023 թվականի սեպտեմբերին բրիտանացի պատգամավոր Ջեսիկա Մորդենը Լոնդոնից պահանջել էր զեկուցել Արցախն ապաշրջափակելու համար Բաքվի վրա ճնշումների մասին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի վրա Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։
Սեպտեմբերի 30-ին Լոնդոնը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանված խոցելի խավերին աջակցելու համար 1 միլիոն ֆունտ ստերլինգ հատկացնելու մասին: 2023 թվականի նոյեմբերին The Guardian-ը պնդում էր, որ BP-ն ֆինանսավորում է ադրբեջանական ագրեսիան և էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում։ 2023 թվականի դեկտեմբերին Eurasianet-ը տեղեկացել էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի շրջաններում բրիտանական ներդրումներին Լոնդոնի աջակցության մասին։