Ամերիկացի սենատորներ Բեն Քարդինը և Էլիզաբեթ Ուորենը կոչ են արել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությանը դադարեցնել ռազմական օգնությունը Բաքվին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների պատճառով, հաղորդում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«Ինչպես նշվում է Կոնգրեսին ուղղված տարեկան ծանուցման մեջ, ԱՄՆ զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել 2023 թվականին և նախատեսված են 2024 թվականին, ներառում են այնպիսի երկրներ, որոնք խախտել են մարդու իրավունքները, ինչպիսիք են Մալին, Սուդանը, Բուրկինա Ֆասոն, Ադրբեջանը և նույնիսկ Մյանմարը»,- ասվում է սենատորների նամակում։
Նրանք պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին մեղադրել են «Լիհիի օրենքը» չկատարելու մեջ, որն արգելում է Վաշինգտոնին օգնություն տրամադրել մարդու իրավունքների համակարգված խախտումներ ունեցող երկրներին: Սենատորները նշել են, որ թեև գերատեսչությունը չի համարում նման երկրներում զորավարժությունների անցկացումը որպես «ռազմական օգնություն», ԱՄՆ դաշնային միջոցներն օգտագործվում են նման ծրագրերի համար, որոնք ֆինանսապես ձեռնտու են մարդու իրավունքների խախտում ունեցող երկրներին։
«Ուստի մենք խնդրում ենք, որ Պաշտպանության նախարարությունը չհրավիրի օտարերկրյա անվտանգության ուժերին վերոնշյալ երկրներից կամ այն երկրներից, որտեղ պատշաճ կերպով ընտրված կառավարությունը տապալվել է պետական հեղաշրջման միջոցով»,- եզրափակել են սենատորները:
2023 թվականի նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատն ընդունել էր S 3000 օրինագիծը՝ «Հայաստանի պաշտպանության մասին 2023 թվականի ակտը», որը դադարեցնում էր Ադրբեջանին ռազմական օգնությունը։ Նախագիծը նախաձեռնել էին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը, սենատորներ Բիլ Քեսիդին (Լուիզիանայից), Քրիս Վան Հոլենը (Մերիլենդից), Ալեքս Պադիլլան (Կալիֆորնիայից) և Շելդոն Ուայթհաուսը (Ռոդ Այլենդից):
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը՝ առանց անկախությունը ճանաչելու. Բադալյան
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում՝ առանց անկախությունը ճանաչելու, «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նրա խոսքով՝...