Երևանի ավագանու անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին հայտարարել է Քաղաքապետարանի որոշման դեմ պայքարելու մտադրության մասին։
Նա նշել է, որ եթե քաղաքի իշխանությունները հասկանան, որ կորտերը քանդելու որոշումը հանրային դժգոհություն կառաջացնի, դա կարող է կանգնեցնել նրանց։
«Մենք այդ փորձն ունենք նախորդ իշխանությունների հետ։ Հիմա այս իշխանություններն այս գործելաոճով ոչ մի բանով չեն տարբերվում նախորդներից։ Այնպես որ, այստեղ հավաքված մարդկանցով ամեն ինչ անելու ենք, որ դա տեղի չունենա, խոսքը նաև ֆիզիկական պայքարի մասին է»,- ասել է Մարությանը։
Նա հավելել է, որ պետության հաշվին մեծ գումարներ են ծախսվելու կորտերը քանդելու համար․ «Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ գումարներ են ծախսվելու օտարման համար, եթե հանրային գերակա շահ հայտարարեն, ահավոր մեծ գումարների մասին է խոսքը, որը տալու է պետությունը։ Կներեք, ինչի՞ համար, պետությունը տալիս է, որ հետո տա մասնավորի, որը չգիտենք, թե այնտեղ ինչ է անելու»։
Հունվարի 15-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել էր Օղակաձև այգու վերակառուցման, «Արարատ» թենիսի ակումբի քանդման մասին քննարկումները և մատնանշել, որ վերակառուցման ծրագիրը քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում է լինելու, ակումբը գործելու է մեկ այլ վայրում, ավելի լավ պայմաններում:
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը որպես հանրային տարածք ծառայի։
Հունվարի 29-ին Տիգրան Ավինյանը հայտնել էր Օղակաձև այգու թենիսի կորտերի կառուցման նոր վայրը։ Քաղաքապետարանը պատրաստվում է նոր կորտեր կառուցել Մայր Հայաստան արձանի հարակից ավտոկայանատեղիի տարածքում։