Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել է Օղակաձև այգու վերակառուցման, «Արարատ» թենիսի ակումբի քանդման մասին քննարկումները:
Նա մատնանշել է, որ վերակառուցման ծրագիրը քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում է լինելու, ակումբը գործելու է մեկ այլ վայրում, ավելի լավ պայմաններում: «Մնացած բոլորին, ովքեր ճանճերի նման հավաքվել են այս թեմայի շուրջ, որպեսզի փոքր քաղաքական դիվիդենտներ շահեն, ցավով պետք է նշեմ, որ չի ստացվելու»,- ավելացրել է նա:
Ավինյանը շեշտել է, որ իրենց հասցեին հնչող բոլոր մեղադրանքները պետք է ի գիտություն ընդունել, և հաշվի առնելով թենիսի նկատմամբ հետաքրքրությունը` քաղաքապետարանը կորդեգրի նոր քաղաքականություն. «Արարատ» ակումբի վերակառուցումից բացի կրկնակի մեծ չափերով թենիսի կորտեր կկառուցեն:
Նրա խոսքով՝ ծրագիրը թենիսի ակումբի քանդման նպատակ չունի. «Թենիսի ակումբը պետք է վերակառուցվի և հասանելի լինի այն բոլոր անձանց, ովքեր պարապում են այնտեղ: Թենիսի ակումբի համար տեղակայման դիրքն սկզբունքային կարևոր չէ, իսկ Օղակաձև այգին Երևանի փոքր կենտրոնի միակ երևելի կանաչ տարածքն է և, հետևաբար, դրա փուլային վերականգնումը, որպես կանաչ հանրային տարածք, մեզ համար գերակայություն և առաջնահերթություն է»:
Ավինյանը մանրամասնել է, որ ծրագիրն առաջին հերթին վերաբերում է այդ հատվածում տեղակայված տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին և տաղավարներին, որոնք վերանալու են՝ այդ հատվածը դարձնելով բոլորի համար հասանելի նորարարական լուծումներով կանաչ տարածք:
Քաղաքապետի խոսքով՝ «Արարատ» ակումբին տրամադրվելու է տարածք, հասանելի մեկ այլ վայրում ակումբի տեղակայումից հետո անցնելու են քանդման աշխատանքներին:
«Սա սոցիալական ծրագիր է այն առումով, որ Երևան քաղաքում նման ծրագրերի քիչ ենք հանդիպում, երբ որոշակի բիզնես ընկերություն պատրաստ է սոցիալական պատասխանատվություն ստանձնել և մեծ գումարներ ներդնել հանրային տարածքներ վերականգնելու համար՝ որոշակի հասարակական տարածքներ ներառելով»,- հավելել է Ավինյանը՝ ողջունելով այդ ծրագիրը:
Հունվարի 9-ին Երևանի քաղաքապետարանը հերքել էր Օղակաձև զբոսայգում գտնվող թենիսի կորտերը քանդելու մտադրության մասին շրջանառվող տեղեկությունները: Քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի հարցը քննարկման փուլում է, այն քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում՝ թենիսի կորտերի այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: