Ամերիկացի սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից կպահանջեն զեկույց՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին, ներառյալ՝ ապօրինի սպանությունների, խոշտանգումների, ազատ տեղաշարժի սահմանափակումների, քաղբանտարկյալների անօրինական կալանավորման և էթնիկ զտումների մասին, հաղորդել է Մարքիի մամուլի ծառայությունը:
«Այս բանաձևը ճնշում է Ադրբեջանի կառավարությանը՝ պաշտպանելու մարդու իրավունքները և դադարեցնելու տարածաշրջանում էթնիկ հայերի դեմ հանցագործությունները: Մենք պետք է պաշտպանենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,- ասվում է փաստաթղթի տեքստում։
Բանաձևի ընդունումից հետո՝ 30 օրվա ընթացքում, Պետքարտուղարությունից կպահանջվի Սենատին զեկուցել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները կանխելու Վաշինգտոնի քայլերի և այն մասին, թե որքանով է ԱՄՆ օգնությունը նպաստել Բաքվի ագրեսիային Լեռնային Ղարաբաղում:
Բանաձևը համահովանավորել են սենատորներ Փիթեր Ուելչը, Ռոբերտ Մենենդեսը, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը, Ջոն Ֆեթերմանը և Մարկո Ռուբիոն: Բանաձևին աջակցել են նաև ավելի քան 20 իրավապաշտպան կազմակերպություններ։
2023 թվականի նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատն ընդունել էր «Հայաստանի պաշտպանության 2023 թվականի ակտ» S 3000 օրինագիծը, որով դադարեցվում է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ 2023 թվականի դեկտեմբերին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Կոնգրեսին կոչ էր արել դադարեցնել ռազմական օգնությունը Բաքվին՝ Օտարերկրյա աջակցության ակտի 502B(c) բաժնի միջոցով, որն արգելում է Վաշինգտոնի աջակցությունը մարդու իրավունքները խախտող երկրներին։ Հունվարին սենատորներ Բեն Քարդինը և Էլիզաբեթ Ուորենը կոչ էին արել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությանը դադարեցնել ռազմական օգնությունը Բաքվին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների պատճառով։