«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անընդունելի է համարել Հայաստանի իշխանությունների՝ Սահմանադրությունը փոխելու մտադրությունը: Նա այն անվանել է «անընդունելի ողբերգություն», որը չի կարող նորմալ տրամաբանության մեջ տեղավորվել:
«Ինչպես հասկացա, Սահմանադրության հետ կապված իշխանությունն ինչ-որ տրամադրություններ է շոշափում, ինչ-որ խոսակցություն է մտցնում դաշտ։ Ինձ համար անձնապես գոնե անընդունելի է այն, ինչ ուզում են անել։ Այսինքն՝ ինչ իրենք անում էին, դրա շարունակությունն է, որն ուզում են նաև թղթի վրա ֆիքսել և մեզ հայ լինելուց զրկել, դարձնել ինչ-որ տարածք, որտեղ մարդիկ ապրում են, շնչում, արտաշնչում, կարևորը՝ հարկ վճարում»,- նշել է Քոչարյանը։
Նա հավելել է, որ իր համար աընդունելի է ազգին հայ լինելուց ու երազանքներ ունենալուց, պատմական արդարության վերականգնումից զրկելը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։
Հունվարի 22-ին սահմանադրագետ Վարդան Այվազյանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով․ «Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք Սահմանադրության հետ, ուրեմն պատկերացրեք, որ մենք պետականությունից ոչինչ չենք հասկանում»։
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր Սահմանադրության ընդունումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով պայմանավորված։