Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն սկանդալի հետևում կանգնած է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, գրում է «Ժողովուրդ»-ը՝ վկայակոչելով իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները։
Ըստ հրապարակման՝ հենց նրա առաջարկով է նախարարությունն սկսել ստուգումներ, ինչի արդյունքում ձերբակալվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, պարզաբանում է թերթը։
Աղբյուրը հավելել է, որ խորհրդարանի նախագահն, իր հերթին, երկար ժամանակ փորձում է վարկաբեկել Անվտանգության խորհրդի քարտուղարին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աչքում։
«Սիմոնյանն ու Գրիգորյանն իրենց պատկերացնում են վարչապետի պաշտոնում Փաշինյանի իրավահաջորդները․ առաջինը հույսը դնում է Ռուսաստանի, երկրորդը՝ Արևմուտքի աջակցության վրա»,- նշում է «Ժողովուրդ»-ը։
ՔԿ-ն փետրվարի 2-ին Էկոնոմիկայի նախարարությունում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով քրեական հետապնդում էր հարուցել 7 անձի նկատմամբ, երկրորդով՝ 1 անձի նկատմամբ։ Նրանցից 4-ը կալանավորված են։ Գործով անցնող Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք է կիրառել։
ՔԿ-ում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթների շրջանակում կալանավորված անձանց թվում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Կալանավորվածների թվում է նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, որը հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։ Հայտնի է, որ կալանավորվածների թվում է ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։