ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից Ներքին Հանդ գյուղի գնդակոծությունը, որի հետևանքով հայկական կողմի զոհված զինվորականների թիվը հասել է 4-ի, մեկը վիրավորվել է:
Գերատեսչությունն Ադրբեջանի այս գործողություններն անվանել է Հայաստանի դեմ ուղղված ռազմական սադրանք, կոչ է արել Բաքվին զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող գործողություններից և վերադառնալ բանակցություններին։
Ըստ ԱԳՆ-ի՝ ուժի կիրառման այս գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջին օրերի տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքները: ՀՀ ԱԳՆ-ն շեշտել է, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար փորձ է անում «վիժեցնել» Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները և փնտրում է պատրվակներ՝ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար:
«Դրա ապացույցն այն է, որ չնայած ՀՀ իրավասու մարմինների՝ փետրվարի 12-ի հաղորդագրությանը, ըստ որի ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերը և տեղեկությունները Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում են, ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել»,- ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը նաև վերահաստատել է հայկական կողմի նախորդիվ հնչեցրած առաջարկները` իրականացնելու սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված «հուսալի միջոցառումներ»:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։
Իրավիճակը Ներքին Հանդի ուղղությամբ լարվել էր փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: