ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «տագնապալի լուր» է անվանել Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հրետակոծությունը, որի հետևանքով հայկական կողմից 4 մարդ է զոհվել, մեկը՝ վիրավորվել, հայտնում է Ռիա Նովոստին։
Նա երկու կողմերին զսպվածության կոչ է արել՝ հավելելով, որ նման միջադեպերը չեն նպաստում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
«Իհարկե, սա տագնապալի նորություն է, որը գալիս է շփման գծից, մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, ամեն կերպ խուսափել այլ գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է սադրիչ համարել: Մենք շատ ուշադիր հետևում ենք»,- ասել է Կրեմլի խոսնակը։
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Իրավիճակը Ներքին Հանդի ուղղությամբ լարվել էր փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: