Ադրբեջանը հիմա ձգտում է ստանալ մի բանաձև, որտեղ կլինի հնարավորինս թույլ, երկարաժամկետ կտրվածքում զարգացման որևէ հեռանկար չունեցող Հայաստան, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով՝ դրա համար Բաքուն «պոկելու է» ամեն հնարավորը և նույնիսկ ավելին։ «Եթե անգամ Ալիևի բոլոր՝ ՀՀ-ի համար ամենաանընդունելի պահանջները բավարարվեն, ընթացքում նորերն են ծնվելու։ Նա փորձելու է ստանալ այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստան պետությունը միշտ լինի նվաստացած, այլոց, այդ թվում՝ իր կամքից կախված, առանց բանակի և տնտեսության, առանց ներդրումների ու բարեկամների»,- նշել է նա։
Օսկանյանի խոսքով՝ Ալիևը գիտակցում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները կարող են փոխարինվել ավելի փորձառու բանակցողներով, և ցանկանում է առավելագույնը պոկել Հայաստանի գործող իշխանություններից, որպեսզի հաջորդ իշխանությունները բանակցությունների գնան ի սկզբանե թույլ դիրքերից։
«Ալիևը քաջ գիտակցում է, որ Հայաստանի հաջորդ որևէ իշխանություն դնելու է հայ ժողովրդի իրավունքների հարցը։ Ցանկացած հաջորդ իշխանություն կարող է ունենալ բանակցելու, սեղանին հարց դնելու և այդ հարցի շուրջ խաղացող ուժերի հետ համաձայնության գալու ավելի լավ հմտություններ։ Ի վերջո, Ալիևը՝ ի տարբերություն մեր այսօրվա իշխանությունների, գիտի, որ հնարավոր է ավելի լավ բանակցել, հնարավոր է սեղանին դնել դիվանագիտորեն ընդունելի առաջարկներ, որ Հայաստանի այօրվա իրավիճակը ո՛չ ճակատագրի, ո՛չ էլ հանգամանքների խնդիր չէ, այլ օրվա բանակցողի խնդիրն է։ Հետևաբար, նա այսօր Հայաստանի իշխանություններից պոկելու է այնքան բան, որ հաջորդ իշխանության դիրքերը հնարավորինս թույլ լինեն»,- ասված է գրառման մեջ։
Օսկանյանի խոսքով՝ արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Արցախից հրաժարվելու, նույնիսկ Արարատից, Հայոց պատմությունից հրաժարվելու դիմաց Ալիևը ոչինչ չի ստորագրելու, այլապես մինչ այսօր ստորագրած կլիներ։
«Նա կորզելու է շոշափելի զիջումներ Հայաստանի տարածքների, միջանցքի տեսքով, մեզ համար անընդունելի, նվաստացուցիչ այնպիսի դրսևորումներով, որ որևէ շրջադարձի դեպքում Հայաստանում որևէ իշխանություն, թույլ ու ստորացված լինելով, արդեն փորձի ստանալ այն նվազագույնը, ինչն անգամ միջազգային քարտեզներով մեզ է պատկանել ի սկզբանե։ Ալիևը փորձելու է հասնել նրան, որ հետագա բանակցությունները լինեն միջազգային բոլոր իրավական նորմերով մերը հետ ստանալու շուրջ, իսկ Արցախի ժողովրդի իրավունքն այլևս անգամ օրակարգում պատկերացնելը զավեշտալի լինի»,- գրել է Օսկանյանը:
Նախկին պաշտոնյան համոզված է, որ այս սցենարից խուսափելու ճանապարհը բոլոր պահանջներին համաձայնելը չէ։
«Որքան շատ տանք, այնքան շատ են ուզելու, որովհետև նրանք մտադիր չեն խաղաղություն երաշխավորել։ Նրանք մտադիր են Հայաստանը մշտական վախի մեջ պահել, քանի որ այս իշխանության վախը բռնել են»,- գրել է նա։
Օսկանյանի խոսքով՝ Փաշինյանի խաղաղության ձգտումը բախվում է Ալիևի «ռևանշիզմի բացառման» քաղաքականությանը։ Ալիևն անընդհատ խոսում է ռևանշիզմից։
«Նա վախենում է ցանկացած իրավիճակից, որտեղ Հայաստանը ծնկի եկած չէ։ Հետևաբար, չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսությամբ Հայաստան, որովհետև այդ ամենն Ալիևի մղձավանջն է»,- նշել է Օսկանյանը։
Նախկին նախարարի համոզմամբ՝ միամտության, անփորձության պատճառով կամ այլ հանգամանքներից ելնելով Հայաստանի իշխանությունների առաջ քաշած բոլոր թեզերը, թե կա բանաձև, որ այսօր Արցախից, վաղը միգուցեև Հայաստանի որոշ տարածքից հրաժարումը երկրին կերաշխավորի կայունություն ու զարգացում, պատրանք են։
Օսկանյանը հավելել է, որ տարածաշրջանային և միջազգային բոլոր խաղացողները կողմ են արցախահայության վերադարձին։ Բոլորին հետաքրքրում է, որ Ղարաբաղի շուրջ խաղաղության ստորագրումը գոնե նվազագույն կայունություն ունենա։
«Սրանից կարելի է հետևություն անել, որ անպայման կլինեն երկրներ ու կազմակերպություններ, որոնք կնպաստեն այս հարցի շուրջ միջազգային երաշխիքների ձևավորմանը, նույնիսկ իրար հետ հակադրության մեջ գտնվող ուժերը»,- շեշտել է Օսկանյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 1-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունը մի շարք այլ փաստաթղթերի հետ մեկտեղ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայման էր անվանել։
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։
Իրավիճակը Ներքին Հանդի ուղղությամբ լարվել էր փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: