Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը վկայում է ռազմական էսկալացիան խորացնելու Բաքվի մտադրության մասին, Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հայտնել է, որ ադրբեջանական կողմը մարտական գործողությունների ժամանակ օգտագործել է անօդաչու թռչող սարքեր։
«Դժբախտաբար սա մի առանձին գործողություն չէ. մենք շարունակաբար տեսնում ենք ադրբեջանական սադրանքների շարք։ Ըստ մեր գնահատականի՝ դա Ադրբեջանի քաղաքականությունն է, ուղղված բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը խաթարելուն։ Սրա մասին է վկայում նաև Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը՝ համեմված Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային նկրտումներով»,- ընդգծել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կառավարության ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանում թշնամանքի խորացմանը, բայց չնայած այս բոլոր փաստերին՝ ՀՀ-ն նվիրված է խաղաղության գործընթացին:
Փաշինյանի կարծիքով՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է նաև մյուս կողմի քաղաքական կամքը։ «Եվ այսօրվա չորս զինվորի կյանք տարած միջադեպը ոչ միայն խաղաղության քաղաքական կամքի բացակայության, այլև թշնամանքը խորացնելու և ռազմական էսկալացիա ծավալելու Ադրբեջանի մտադրությունների մասին է վկայում»,- նշել է նա:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ ՊՆ կողմից կար շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների, բայց չնայած դրան՝ Ադրբեջանն սկսել է տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ։
Սըր Ջոն Ուիթինգդեյլը մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների կապակցությամբ և ընդգծել խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն բազմակողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր:
ՄԹ խորհրդարանականներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար անձանց հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կարողություններին: Կարևորվել է նաև միջազգային հանրության կողմից աջակցությունը:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Ներքին Հանդ գյուղի գնդակոծությունը՝ Ադրբեջանի այս գործողություններն անվանելով Հայաստանի դեմ ուղղված ռազմական սադրանք, նաև կոչ էր արել Բաքվին զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող գործողություններից և վերադառնալ բանակցություններին։