ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է համարում խաղաղության պայմանագիրը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը, հաղորդել է TACC-ը:
«Հարավային Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու և Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու առանձին պետությունների կողմից փորձեր են արձանագրվում: Այդ նպատակով ակտիվորեն օգտագործվում է նաև հայ-ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտային ներուժը։ Իրավիճակի հետագա կարգավորման համար կարևոր նշանակություն կունենա խաղաղության համաձայնագրի կնքումը»,- նշել է Սերդյուկովը:
Միացյալ շտաբի պետի խոսքով` Արևմուտքը «ձգտում է ազդեցություն ունենալ Բաքվի և Երևանի միջև հետկոնֆլիկտային կարգավորման վրա»՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք է սկսվել փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։