Բրյուսել այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանիդպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է առկա մարտահրավերների հաղթահարման հարցում Հայաստանի տեսլականն ու մոտեցումները՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա»,- ասված է հայտարարությունում:
Գերատեսչությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք է սկսվել փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։