ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը»,- ասվում է հայտարարությունում:
Գերատեսչությունից հայտնում են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:
Շոլցի կայքում հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Գերմանիայի կանցլերը հանդիպման ժամանակ կոչ է արել շուտափույթ ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները։ «Գերմանիան և Եվրոպան պատրաստ են աջակցել դրան իրենց հնարավորությունների սահմաններում, այդ թվում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերով»,- ասվում է հայտարարության մեջ։ Կանցլերը նաև նշել է «երկու կողմերի այսօրվա հանձնառությունը՝ առկա տարաձայնությունները և բաց հարցերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով և առանց ուժի կիրառման»։
Այսօր ավելի վաղ ՀՀ կառավարությունից Armenia Today-ին հաստատել էին, որ Մյունխենում ընթանում է Փաշինյանի հանդիպումն Ալիևի և Շոլցի հետ։ Այսօր ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպում էր ունեցել Գերմանիայի կանցլերի հետ, որից առաջ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։