Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ադրբեջանին և Ռուսաստանին նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները կատարելուց հրաժարվելու մեջ։ Այսպես է նա մեկնաբանել Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ադրբեջանը Նախիջևանին կապող Հայաստանի տարածքով միջանցքի հնարավոր բացմանը վերաբերող հարցը։
«Այն ինչ խոսվում է, որ Ռուսաստանը մեր տարածքում պետք է որևէ բան վերահսկի, այդպիսի բան չկա գրված 9-րդ կետում։ Եռակողմ հայտարարության մնացած կետերն ըստ էության Ռուսաստանը և Ադրբեջանը ճղել գցել են մի կողմ, ոնց կարող է լինել, որ մնացած կետերը չլինեն, բայց միայն այդ մի կետը լինի։ 9-րդ կետի վրա հղումն արդեն արդիական չէ, որովհետև և Ռուսաստանը և Ադրբեջանը նախորդ կետերով իրենց պարտավորություններն ամբողջությամբ խախտել են», – ասել է նա։