Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն արված հայտարարությանը, որտեղ գործադիրի ղեկավարն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրել էր 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ։ Բաքուն Հայաստանից նաև պահանջել է փոխել Սահմանադրությունը։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն «հիմնազուրկ» է որակել Փաշինյանի հայտարարությունը՝ հայկական կողմին մեղադրելով «ստանձնած պարտավորությունները չկատարելու» մեջ։
«Այդ հայտարարությունը որևէ հիմք չունի։ Հայկական կողմը դուրս չի բերել իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքից, չի կատարել կոմունիկացիաների բացման իր պարտավորությունը»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը։
Հաջիզադեն Երևանին առանց միջնորդների ուղիղ բանակցությունների կոչ է արել։
«Խաղաղության և կայունության ճանապարհն Ադրբեջանի հետ կառուցողական բանակցություններն են»,- եզրափակել է նա:
Միևնույն ժամանակ, Հաջիզադեն կրկնել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջը։
«Մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Հայաստանի Սահմանադրությունում և օրենսդրական ակտերում արտացոլված պահանջները պետք է վերացվեն»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։
Փետրվարի 18-ին Փաշինյանը Մյունխենի հայ համայնքերի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել էր Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի հնարավոր բացման հարցին՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում չկա դրույթ, որով «Ռուսաստանը ՀՀ տարածքում պետք է որևէ բան վերահսկի»։
«Եռակողմ հայտարարության մնացած կետերն, ըստ էության, Ռուսաստանը և Ադրբեջանը ճղել, գցել են մի կողմ։ 9-րդ կետի վրա հղումն արդեն արդիական չէ, որովհետև և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը նախորդ կետերով իրենց պարտավորություններն ամբողջությամբ խախտել են»,- ասել էր Փաշինյանը։
Փետրվարի 17-ին ՀՀ կառավարությունից Armenia Today-ին հաստատել էին, որ Մյունխենում ընթանում է Փաշինյանի հանդիպումն Ալիևի և Շոլցի հետ։ Նրանք քննարկել էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և պայմանավորվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: Շոլցը կոչ էր արել արել շուտափույթ ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները։ «Գերմանիան և Եվրոպան պատրաստ են աջակցել դրան իրենց հնարավորությունների սահմաններում, այդ թվում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերով»,-հայտարարել էր նա։
Նույն օրը ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպում էր ունեցել Գերմանիայի կանցլերի հետ, որից առաջ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։