ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնին նշանակվելու առաջարկ չի ստացել։ ԱԺ-ում նա լրագրողներն հայտնել է, որ նոր նախարարի վերաբերյալ դեռ քննարկումներ չկան։
«Կուսակցությունում չենք քննարկել, բայց, բնականաբար, կքննարկենք»,- հայտնել է պատգամավորը։
Դիտարկմանը՝ որպես նախարարի թեկնածու իր անունը ևս շրջանառվում է, Պապոյանը նշել է, որ նման առաջարկ չի ստացել։
«Ես ԱԺ-ում եմ աշխատում եմ։ ԱԺ-ում հանձնաժողովի նախագահի աշխատանքը պակաս պատասխանատու չէ, քան նախարարինը»,- եզրափակել է Պապոյանը։
ՀՀ նախագահը փետրվարի 14-ին Քերոբյանին ազատել էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։ Նախկին նախարարին մեղադրանք էր առաջադրվել Էկոնոմիկայի նախարարությունում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթների շրջանակում։ Քերոբյանը չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը, նրա նկատմամբ դատարանը 2 ամսով տնային կալանք է կիրառել։
Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով Քննչական կոմիտեն մեղադրանքներ էր առաջադրել 8 անձանց, որոնցից 5-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային ընկերության ներկայացուցիչներ: Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։
ՔԿ-ում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթների շրջանակում կալանավորված անձանց թվում էր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Հայտնի է, որ կալանավորվածների թվում էր նաև ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Վերջիներս ազատվել էին կալանքից։ Կալանավորվածների թվում է նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։