ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ ռուս զինծառայողները խոչընդոտում են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ:
«Այո՛, այդ խնդիրը կա, ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ խոչընդոտվել է ռուս զինծառայողների կողմից։ Մենք տեղյակ ենք այդ խնդրի մասին և փորձելու ենք հասցեագրել այն»,- ասել է նա` ՀՀ սահմանամերձ շրջաններ առաքելության մուտքի հնարավոր սահմանափակումների վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան:
ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստանում առաքելության աշխատանքին ռուսական կողմի քննադատությանը: ՌԴ-ն ԵՄ առաքելությանը մեղադրել է փետրվարի 13-ին Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական գնդակոծությունը չկանխելու մեջ (որի արդյունքում 4 հայ զինծառայող է զոհվել-խմբ.):
«Ներքին Հանդում տեղի ունեցած վերջին միջադեպին ԵՄ առաքելությունը հասանելիություն չուներ: Միայն Ռուսաստանն է այնտեղ և չի կարողացել կանխել միջադեպը»,- ասել է նա:
Գրիգորյանը նշել է, որ իր համոզմամբ՝ իրականությունն այլ է․ «ԵՄ քաղաքացիական առաքելությունը խաղաղության դերակատարություն ունի, մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը և շարունակելու ենք աջակցել»,- ասել է նա` պատասխանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե «ի տարբերություն ԵՄ կեղծ առաքելության՝ ՀԱՊԿ-ն ի վիճակի է Հարավային Կովկասում խաղաղություն ապահովել»:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք է սկսվել փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։