Փետրվարի 19-ին Հայաստանում նշվել է Գիրք նվիրելու օրը։ Տոնի շրջանակում փետրվարի 25-ին՝ ժամը 12:00-18:00-ն, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունեցել «Երևանը կարդում է» գրքի փառատոնը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Միջոցառման շրջանակներում գործել է պոեզիայի անկյուն, դերասաններն ասմունքել են ժամանակակից և հայտնի հեղինակների ստեղծագործություններից։
Երեխաների համար կազմակեպվել է շարժական տիկնիկային թատրոն, «Երեք խոզուկները», «Կարմիր գլխարկ» հեքիաթները, Բեբուկ շարժական թատրոն, հեքիաթների ընթերցանություն, վարպետաց դասեր, կինոթատրոն, ինտերակտիվ խաղեր, մանկական ժամանցային այլ ծրագրեր։
Գրքի փառատոնը համեմված էր «Կաթիլ», «Թմբաթա» և «Նեմրա» խմբերի երաժշտությամբ։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանն Armenia Today-ին ասաց, որ «Երևանը կարդում է» գրքի փառատոնն ավանդական է դարձել, այն նշվել է անցյալ տարի։ Հաջորդ տարի նույնպես ծրագրվում է անցկացնել Գրքի տոն, ասաց նա։