Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը խնդիր չէին, խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների նոր սկզբունքնե՞ր պետք է համաձայնեցվեն, եթե ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է համաձայնեցված սկզբունքների՝ Բաքվի կողմից մերժելու մասին։
«Մինչև սկզբունքներին անդրադառնալը, մենք մի քանի խնդիրներ ունենք։ Առաջին՝ այդ ինչպե՞ս ենք դեմարկացիա-դելիմիտացիա քննարկում ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական ԶՈւ ներկայությամբ։ Երկրորդ՝ խնդիր չկա, եկեք հասկանանք, թե ինչ սկզբունքներ քննարկենք, բայց եկեք հասկանանք՝ նախորդ սկզբունքների հետ ի՞նչ կատարվեց»,- ասաց պատգամավորը։
Նա հավելեց՝ երեք հիմնարար սկզբունք է եղել, որոնք հայտարարել էին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները, որը ռատիֆիկացվել է ՍԵՊԱ-ի մեջ՝ ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից։ Դրանցից մեկն ինքնիշխանության իրավունքն էր, մյուսը՝ այս պայմաններում ամենակարևոր՝ ուժի սպառնալիքի բացառումը, հիշեցրեց Մամիջանյանը։
«Եթե նախորդ սկզբունքների ոտնահարման խնդիրները չվերհանվեն, նոր սկզբունքները նույն արժեքը կունենան»,- ասաց պատգամավորը։
Մամիջանյանն Armenia Today-ի խնդրանով մեկնաբանեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Ժնևում փետրվարի 27-ին արված հայտարարությունը, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը և 1991 թվականի սահմանը վերականգնելու նպատակով սահմանազատման գործընթացի իրականացումը հետևողականորեն մերժվել են Ադրբեջանի կողմից։
Նա նշեց, որ Ալմա-Աթայի հռչակագիրն Ադրբեջանի պահանջով է դարձել բանակցային փաստաթուղթ։ Բացի այդ, Ադրբեջանի պահանջով նաև միջնորդ է փոխվել, իսկ «եթե գնում ենք ուղիղ բանակցությունների, ապա դա էլ է Ադրբեջանի պահանջով»։
Մանրամասն՝ տեսանյութում։