Միչիգանի հայերը միացել են արաբական ծագման ամերիկացիներին նախագահական նախնական ընտրություններում` կոչ անելով նահանգի բնակիչներին դեմ քվեարկել նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքականությանը և «կամայական» քվեներ տալ «Դեմոկրատական» կուսակցությանը` ի նշան Ադրբեջանին և Իսրայելին տրամադրվող ռազմական օգնության վերաբերյալ դժգոհության, հաղորդել է Reason-ը:
«Կազմակերպիչները դեմոկրատներին կոչ են արել երեքշաբթի Միչիգանի նախնական ընտրություններում ցույց տալ նախագահ Ջո Բայդենին, որ իր արտաքին քաղաքականությունը վտանգում է կորցնել կարևոր «երերուն» նահանգը: Դեմոկրատական նախնական ընտրողների մոտ 13%-ը դա արել է՝ գերազանցելով կազմակերպիչների սպասելիքները»,- գրել է ամսագիրը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, որ կոմիտեն նախատեսում է նման արշավներ իրականացնել նաև Նևադայում, Փենսիլվանիայում և այլ նահանգներում: «Ադրբեջանին ռազմական օգնությունը մեր հիմնական բողոքն է Բայդենի դեմ»,- ասել է նա ամսագրին։
Պաշտոնական տվյալներով՝ նահանգում բնակվում է հայկական ծագումով 17 հազար ամերիկացի, իսկ Դիրբորնի սփյուռքահայ կենտրոնի տվյալներով՝ մոտ 50 հազար։
Պարբերականը հիշեցրել է, որ 2020 թվականի պատերազմից հետո այն ժամանակվա նախագահի թեկնածու Բայդենը Վաշինգտոնից պահանջել է դադարեցնել օգնությունը Բաքվին, սակայն պաշտոնն ստանձնելուց հետո չի փոխել պաշտպանական քաղաքականության ընթացքը և չի կասեցրել Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնությունը։
«Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հիմնական մասը տրվել է Թրամփի օրոք, և [2020 թվականի հարձակումը] տեղի է ունեցել Թրամփի նախագահության վերջին ամիսներին, ուստի նա ծանր պատասխանատվություն է կրում դրա համար։ Սակայն, ականատես լինելով պատերազմին, [Բայդենը] շարունակեց այդ ռազմական օգնությունը»,- պարզաբանել է Համբարյանը։
Reason-ը գրել է նաև արաբական ծագմամբ ամերիկացիների հետ հայերի համերաշխության մասին, ովքեր բողոքում են Գազայի հատվածի և Եմենի հակամարտություններին ԱՄՆ ռազմական միջամտության դեմ։ «Հայկական և արաբական համայնքները «կիսում են նույն հիասթափությունը», – ասում է «Արաբական աշխարհի ժողովրդավարություն՝ հիմա»-ի ղեկավար Սառա Լի Ուիթսոնը:
2023 թվականի նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատն ընդունել էր S.3000 օրինագիծը՝ Հայաստանի պաշտպանության մասին 2023 թվականի ակտը, որով դադարեցվում է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Նախագիծը նախատեսում է ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը կասեցնելու ԱՄՆ նախագահի լիազորությունների վերացում, որը թույլ է տալիս ԱՄՆ վարչակազմին ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ 2023 թվականի դեկտեմբերին ANCA-ն կոչ էր արել ԱՄՆ Կոնգրեսին դադարեցնել ռազմական օգնությունը Բաքվին՝ նաև Արտաքին աջակցության ակտի 502B(c) բաժնի միջոցով, որն արգելում է Վաշինգտոնի աջակցությունը մարդու իրավունքները խախտող երկրներին։