Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է Բաքվի հետ ադրբեջանցի դիվանագետներին շուտով Իրան վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունների մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ադրբեջանցի գործընկերոջս հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակցին սպանած մարդու նկատմամբ դատարանի վճիռը։ Պայմանավորվել ենք մոտ ժամանակներս Ադրբեջանի դիվանագիտական պատվիրակություն Իրան ուղարկելու հետ կապված միջոցներ ձեռնարկել»,- Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Աբդոլլահիանը։
Վերջինս նաև նշել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում փոխշահավետ համագործակցության հնարավորություններով «նոր էջ է բացվել», գրում է IRNA գործակալությունը:
Իրանցի նախարարի խոսքով՝ Թեհրանը պատրաստ է ընդունել երկու երկրների համատեղ հանձնաժողովի առաջիկա նիստը:
Զինված Յասին Հուսեյնզադեն 2023 թվականի հունվարի 27-ին հարձակվել էր Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա և սպանել անվտանգության ծառայության ղեկավարին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի ունեցածը որակել էր «ահաբեկչություն», որից հետո Բաքուն տարհանել էր Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին։ Փետրվարին Հուսեյնզադեին մահապատժի են դատապարտել։