Եթե ՀՀ կառավարությունը չբարելավի սոցիալական ծրագրերը, արտագաղթող արցախցիների թիվը կավելա, ասուլիսի ժամանակ պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ ասաց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ հստակ թիվ չունեն, թե քանի արցախցի է գնացել Հայաստանից, բայց իրենց ստացած տեղեկություններով՝ այդ թիվը բավականին մեծ է։
«Հստակ թիվ չենք կարող ասել, շատ դժվար է գնահատել, դա միայն իշխանությունները կարող են ասել։ Բայց մեր սոցիալական կապերը հաշվի առնելով՝ մեր ստացած տեղեկությունների հիման վրա կարող ենք ասել, որ այդ թիվը բավականին մեծ է և աճի միտում կա։ Հատկապես նմանատիպ սոցիալական և բնակարանային ծրագրերի պարագայում մենք լուրջ մտավախություն ունենք, որ գարնանն արտագաղթի ճանապարհն ընտրող մարդկանց թիվը կտրուկ աճելու է, եթե էական բարելավումներ չլինեն և մեր առաջարկները հաշվի չառնեն»,- ասաց Բեգլարյանը։
Նա Armenia Today-ին պարզաբանեց, որ կառավարության կողմից սոցիալական և բնակապահովման ծրագրերի շուրջ միայն մեկ ներառական քննարկման է մասնակցել։
«Միայն մեկ օրինակ գիտեմ, որին նաև ինձ էին հրավիրել, ինչպես նաև շուրջ 10-15 տարբեր գործիչների հրավիրել էին փոխվարչապետի մոտ։ Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի կեսին, որի ժամանակ ընդհանուր սկզբունքներ են ներկայացվել։ Արցախից գրեթե բոլոր ներկայացուցիչներն սկզբունքորեն տարբեր կետերի վերաբերյալ տարաձայնություններ են հայտնել, նաև բնակարանների համար տրամադրվող գումարի չափի մասով»,- ընդգծեց Բեգլարյանը։
Կառավարությունը, ըստ Բեգլարյանի, բացատրել է, թե ինչպես են հաշվարկել արցախցիների բնակարանային փոխհատուցման չափը։ Նրա խոսքով՝ կառավարության կողմից հիմնավորումն այն է եղել, որ 2023 թվականին կադաստրում գրանցված երկրորդային շուկայի առուվաճառքի մեկ քառակուսի մետրի միջին գինը 200 հազարից ավելին չէ, և իրենք հաշվարկել են, որ մեկ անձի համար 15 քառակուսի մետրը բավարար է։
«200 հազարը բազմապատկել են 15-ով, ստացել են 3 միլիոն։ Մենք բացատրել ենք, որ դա, իրականում, չի արտացոլում երկրորդական շուկայի պատկերը։ Իրենք նաև ասել են, որ բացի Երևանից, Աբովյանից, Ծաղկաձորից, Դիլիջանից և Էջմիածնից, մնացած համայնքներում այս գինն է գործում։ Սակայն կադաստրում գործարքներ անելիս հստակ միտում կա, որ մարդիկ ցածր գին են նշում՝ հնարավոր հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Մենք ուղղակի առաջարկել ենք ուսումնասիրել շուկան, մտնել առցանց հարթակներ և նայել գներն այլ համայնքներում»,- ասաց նա։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ քննարկում են բնակարանային ապահովման ծրագիր, որով 3 մլն դրամ կհատկացվի յուրաքանչյուր արցախցու, ով ՀՀ քաղաքացիություն կընդունի։
Նախաձեռնությանը դեմ արցախցիները մարտի 1-ին բողոքի ակցիա էին իրականացրել ԱՍՀ նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին գոնե 4 միլիոն դրամ տալ ամեն շնչին, դեմ էին ՀՀ քաղաքացիություն ստանալու պայմանին։ Փետրվարի 28-ին աջակցության ծրագրերի կապակցությամբ բողոք էր արտահայտել նաև Արցախի Ազգային ժողովը։