«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խոսել է Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից իր հրաժարականի պատճառների մասին։ Նա հայտարարել է, որ հրաժարականի պատճառն Ադրբեջանի հետ բանակցությունների հետ կապված մի շարք տարաձայնություններն են։
Նա ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում իր նշանակվելը, որոշ մանրամասներ պատմել Արցախի հարցով բանակցությունների մասին:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական առաջնագծում ոչ թե վերադարձի իրավունքն այս պահին իրատեսական համարելու, այլ նրա համար, որ դա Ադրբեջանի համար խնդիր է:
«Երբ դու Ադրբեջանի խնդիրը միակողմանի փակում ես՝ հույս ունենալով, որ ինքն էլ իր կեղծ ձևավորած խնդիրներն է փակելու, համակարգն այդպես չի աշխատում, դա տեղի չի ունենա: Իմ կարծիքով՝ պետք է Միջազգային արդարադատության դատարան դիմել՝ Ցեղասպանության կոնվենցիայի շրջանակներում»,- համոզմունք է հայտնել Մարուքյանը:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ Մարուքյանը հայտնել է, որ դեմ է Սահմանադրության նշված ձևաչափով փոփոխությանը: «Ես ասել եմ, որ դեմ եմ պետականության հիմքերը վերանայելուն: Այս պետությունը Հայաստանի Հանրապետությունն է, և այս հանրապետությունը մենք պետք է պահենք, փայփայենք, զարգացնենք: Եթե ես զգում եմ, որ պետականության հիմքերի վերանայումը, դրանց քննարկումները խնդիր են առաջացնում, ես չեմ կարող դա անել: Սա էլ վերջին անհամաձայնությունն էր մեր գործընկերների հետ»,- ասել է նա:
Մարուքյանը նաև հայտնել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքների մեջ չկար Սահմանադրությունը փոխելու, ներքին օրենսդրությունը վերանայելու, Անկախության հռչակագիրը փոխելու որևէ պահանջ:
Փետրվարի 29-ին Մարուքյանը հայտարարել էր Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվելու մասին: Մարուքյանի խոսքով՝ պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել է այդ առաքելությունը: «Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունն արտաքին քաղաքական ճակատում»,- նշել էր նա: