Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը՝ ստիպելով հարցազրույցներ տալ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, գրել է «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։ Այսպես է նա մեկնաբանել Ադրբեջանական AzTV-ի՝ մարտի 10-ին հրապարակած ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնսը։
«Նրանք ոչ միայն առևանգել են Արցախի ղեկավարությանը, այլև խոչընդոտել են նրանց օրինական պաշտպանության հնարավորությունը։ Հիմա ստիպում են հարցազրույցներ տալ։ Հանցագործություն է նաև պատանդների օգտագործումը քարոզչական և զանգվածային նվաստացման նպատակով»,- գրել է Բեգլարյանը։
Նա հիշեցրել է, որ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը 2023 թվականի նոյեմբերի 1-ի իր զեկույցում հստակ նշել է, որ «Արցախի ղեկավարների կալանավորումը ցեղասպանության վկայություն է, քանի որ դա ցույց է տալիս համայնքը ոչնչացնելու մտադրություն»։
Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի ձերբակալության մասին։ Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր, որ Հարությունյանին 9 հոդվածով մեղադրանք էր առաջադրվել։ Հունվարի 25-ին Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը 4 ամսով երկարաձգել էր Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության կալանքների ժամկետները։ Նրանց կալանավորելու որոշում էր կայացրել «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման, դրանց գործունեությանը մասնակցելու» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու» շինծու մեղադրանքներով։
Սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակումից հետո ադրբեջանցիները գերի էին վերցրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։