Ամերիկացի դիվանագետները կոչ են արել Ադրբեջանին քննարկել արցախահայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը, սակայն հարցը ստվերվել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների արդյունքում, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը։
«Ուրբաթ օրը պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան ինձ ասաց, որ ամերիկացի դիվանագետները բարձրացրել են «վերադարձի իրավունքի» հարցը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Բայց պետության ուշադրության կենտրում է հայտնվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը»,- գրում է հոդվածի հեղինակ Դեյվիդ Իգնատիուսը: Նա ընդգծել է, որ արցախցիների՝ Ղարաբաղ վերադառնալու իրավունքները և հայերի կորցրած ունեցվածքի փոխհատուցման ուղիները միջազգային մակարդակով բավականաչափ չեն քննարկվում։ Իգնատիուսը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները համեմատել է 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության հետ և նշել, որ իր ընտանիքի անդամները նույնպես մահացել են «այդ ջարդի ժամանակ»։
The Washington Post-ը գրել է նաև արցախցիների սոցիալական ծանր վիճակի մասին՝ Հայաստանում վերաբնակվելուց հետո։ Թերթը նշել է, որ Հայաստանի կառավարությունը փախստականներին տրամադրում է «խղճուկ նպաստներ», որոնք շուտով կարող են վերջանալ։ «Երևանը փորձել է առատաձեռն լինել, բայց չունի միջոցներ և երկարաժամկետ ծրագիր, որը խոցելի է դարձնում տեղահանվածներին և կանգնեցնում անորոշ ապագայի առաջ», – թերթը մեջբերում է Հայաստանում փախստականների մասին Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) զեկույցը:
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ 2023 թվականի դեկտեմբերին արցախյան ավելի քան 150 կազմակերպություններ, կուսակցություններ, լրատվամիջոցներ և հասարակական գործիչներ ստորագրել էին հայտարարություն՝ ուղղված ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով պայմաններ ստեղծել Արցախի բնակիչների վերադարձը Ղարաբաղ ապավովելու համար։ Փետրվարին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է նպաստել այդ գործընթացին։