Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթել է Գյումրիի ընտրություններում և պարտվել Երևանում, հայտնում է «Агентство» Telegram ալիքը՝ հղում անելով Երևանի էքզիթ փոլերի տվյալներին։
Աղբյուրի տվյալներով՝ Երևանում ՌԴ քաղաքացիներից Պուտինն ստացել է 2291 ձայն (32,87%), «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ
Վլադիսլավ Դավանկովի օգտին ռուսները 3474 ձայն են տվել (49,85%):
«Գյումրիում 768 ձայնով (58,14%) քվեարկության առաջատար է դարձել Պուտինը՝ 768 ձայնով (58,14%), Դավանկովն ստացել է 405 ձայն (30,66%)»,- ասվում է գործակալության հրապարակման մեջ:
Ռուսաստանի նախագահական ընտրություններում մարտի 15-17-ը Հայաստանում գործել է ռուսաստանցիների համար նախատեսված հինգ ընտրատեղամաս։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել էր, որ մարտի 11-13-ը Սյունիքի մարզում տեղի է ունեցել արտահերթ քվեարկություն, որին մասնակցել է 844 մարդ: Armenia Today-ը մարտի 17-ին հայտնել էր ՌԴ նախագահի ընտրություններում քվեարկել ցանկացողների երկար հերթերի և այն մասին, որ քվեարկությանը մասնակցելու համար Երևան են ժամանել ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ Վրաստանից և Հայաստանի մարզերից:
ՌԴ ԿԸՀ տվյալներով՝ Պուտինը հաղթել է Ռուսաստանի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 87,34%-ը։ Սա կլինի նրա պաշտոնավարման հինգերորդ ժամկետը, որը կավարտվի 2030 թվականին։ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 74,22%։ Պուտինը Ռուսաստանը ղեկավարում է 2000 թվականից։