Երևանի փոխքաղաքապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանը Երևանի ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցածն «ահաբեկչական գործողություն» է անվանել։ Նրա խոսքով՝ սա ահաբեկչական գործողությանը բնորոշ վարքագիծ է։
Լրագրողների հետ զրույցում Փամբուխչյանն ասել է, որ եթե անձը զինված կամ պայթուցիկով մտնում է ոստիկանության բաժին, ապա «սա ՀՀ քրեական օրենսգրքով ահաբեկչություն է»։ Միաժամանակ՝ փոխքաղաքապետը նշել է, որ չգիտի հարձակվողների պահանջների մասին։
Իր հերթին՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կոչ է արել րոպե առաջ պատժել «բոլոր ահաբեկիչներին, հովանավորներին, հովանավորների հովանավորներին ու գաղափարական հայրերին»։
Մարտի 24-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել է ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2-ը վիրավորվել է։ Շուրջ 2 ժամ տևած բանակցություններից հետո ԱԱԾ-ն վնասազերծել է նաև 3-րդ անձին։ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։