Ֆրանսիացի գրող, Ֆրանսիական ճանապարհորդական ընկերության նախագահ Սիլվեն Տեսոնը քննադատել է Եվրահանձնաժողովի քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ և նշել, որ ԵՄ բարձրագույն մարմինն «ուզում է արտասվել Երևանի հետ, բայց առևտուր անել Բաքվի հետ», գրում է Le Figaro-ն։
«Հայկական ողբերգությունը լրացվում է Եվրոպայի երկակի դիսկուրսով։ Եվրահանձնաժողովը ցանկանում է մի քիչ լաց լինել Երեւանի հետ, բայց շարունակում է մեծ ծավալներով առևտուր անել Բաքվի հետ՝ համաձայն չլինելով, որ մեկի հետ պայմանագիր կնքելով մյուսի մահն է ստորագրում։ Չի կարելի միաժամանակ լինել Տաթևի վանքում և Բաքվի առևտրաարդյունաբերական պալատում։ Պետք է ընտրություն կատարել»,- ասել է Տեսոնը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում Հայաստանի իշխանությունների առաջարկած «առևտրային խաչմերուկի» հայեցակարգը և Թուրքիայի հետ առևտուրը վերսկսելու պատրաստակամությունը հիշեցնում են «դանակի հետ բանակցելու ոչխարների ցանկությունը»։ Երևանը, համոզված լինելով քաղաքականության նկատմամբ տնտեսագիտության գերակայության մեջ, «մրցակիցներ» է անվանում նրանց, ովքեր կոչ են անում իսպառ ոչնչացնել Երկրի վրա հայկական ցանկացած ներկայություն»,- ընդգծել է գրողը։
Երևանում Տեսոնը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, ով հայտարարել է, որ այս փուլում Արցախի ժողովրդի վերադարձն անիրատեսական է։ Շահրամանյանը նշել է, որ երկու ժողովուրդների միջև տոտալ թշնամանք կա, անհրաժեշտ է ամրապնդել ինքնիշխան Հայաստանի սահմանները, քանի որ ադրբեջանցիները շարունակելու են (ագրեսիան՝ խմբ.)։
Տեսոնը ողջունել է Փարիզի պատրաստակամությունը՝ հետագայում աջակցելու Երևանին, սակայն ընդգծել է, որ Բաքվի և Անկարայի մարտավարությունը դրանից չի փոխվի։ Ֆրանսիացին խոսել է Հայաստանի Սյունիքի մարզ կատարած իր այցի մասին և հիշել, որ «Սյունիքն Էրդողանի համար վերջին բաց թողնված կտորն է՝ թուրքական տափաստանների իր մեծ գլուխկոտրուկը հավաքելու համար»։ Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են այնտեղ միջանցք ստեղծել Անատոլիայի տարածաշրջանի և Կասպից ծովի խորքերի միջև, պարզաբանել է Տեսոնը։
«Հենց ֆրանսիացի առաջնորդն ասում է՝ «այլևս երբեք», թուրքն ինքն իրեն ասում է՝ «սկսենք նորից», իսկ հայը մտածում է՝ «կվերադառնան»,- եզրափակել է հեղինակը։
Մարտի 18-ին Երևանում Տեսոնը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է աջակցի Հայաստանին և զսպի Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ նկրտումները։ Նա ընդգծել էր Բաքվի վրա առավելագույն ճնշում գործադրելու, Ալիևի ռեժիմի դեմ դիվանագիտական, քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու, «էթնիկ զտումներ իրականացրած երկրին պատժելու» անհրաժեշտությունը։