Եվրոպան պետք է աջակցի Հայաստանին և զսպի Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ ձգտումները, լրագրողներին հայտնել է ֆրանսիացի գրող, Ֆրանսիական ճանապարհորդական ընկերության նախագահ Սիլվեն Տեսոնը։ Նա ասել է, որ առաջին անգամ Հայաստան է այցելել 1994 թվականին՝ հեծանվով տարբեր երկրներ ճանապարհորդելով։
«Հայաստան կատարած իմ այցելության առաջին իսկ օրվանից այս երկիրն ինձ մեծապես հետաքրքրեց, և ես Հայաստանի նկատմամբ այս հետաքրքրությունը պահպանել եմ մինչ օրս»,- նշել է նա։
Երկրորդ անգամ Տեսոնը «Le Figaro»-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնի հետ Հայաստան է ժամանել 2020թ.՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Վերադառնալով Փարիզ՝ Տեսոնն ու իր համախոհները ստեղծել են Հայաստանի կողմնակիցների խումբ, որում ընդգրկված են արվեստագետներ, լրագրողներ, գրողներ, երաժիշտներ։
«Մեր առաջին խնդիրը ֆրանսիական հանրությանը և կառավարությանը Հայաստանի խնդիրների մասին իրազեկելն էր։ Մենք դա արեցինք, որպեսզի Եվրոպան չհեռանա Հայաստանից, որպեսզի քաղաքական գործիչները շարունակեն պայքարն ագրեսորի դեմ և ուղղակիորեն հայտարարեն, որ դա Թուրքիան և Ադրբեջանն են։ Այս ճնշումը կշարունակի զսպել ագրեսորին և կանխել նրա հետագա առաջխաղացումը:
Եվ, վերջապես, երրորդ նպատակն է ազդարարել ֆրանսիական հանրությանը և քաղաքական գործիչներին, որ Արցախի բռնի տեղահանվածները, այս խիզախ մարդիկ, ովքեր փրկվել են աքսորի դրամայից և ապաստան են գտել Հայաստանում, պետք է մնան այնտեղ՝ ապրելու։ Մենք կշարունակենք աշխատել այս բոլոր կետերի վրա, ինչի համար էլ եկանք Հայաստան»,- ընդգծել է Տեսոնը։
Մարտի 18-ին Երևանի Ազգային գրադարանում տեղի էր ունեցել Տեսոնի ինքնակենսագրական վեպի հիման վրա նկարահանված «Սև ճանապարհների վրա» ֆիլմի ցուցադրությունը՝ Ժան Դյուժարդենի, Ժոզեֆին Ժապիի և Իզիա Իժլենի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա է եղել նաև «Le Figaro»-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։
Բյուսոնն Armenia Today-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը համարել էր արցախցիների հայրենադարձության պայման և հայտարարել, որ անհրաժեշտ է նրան պատասխանատվության ենթարկել Արցախում տեղի ունեցած մշակութային ցեղասպանության համար։