Հայաստանի դատարաններում դատական նիստերը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում են, հայտնել է «Ժողովուրդ»-ը։
Ըստ օրաթերթի՝ մի դեպքում դատավորներն են դասերի, մյուս դեպքում՝ կալանավորներին դատարան բերելու համար բենզին կամ ուղեկցող ոստիկաններ չկան, մեկ այլ դեպքում էլ՝ վկաներին չեն կարողանում բերման ենթարկել։
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որն առողջական խնդիրների պատճառով դժվարությամբ է քայլում և դատարան է գալիս իր հարազատների օգնությամբ, երեկ ստիպված է եղել հեռանալ դատարանից։
Կարգադրիչները նրան հայտնել են, որ նիստը չի կայանալու, քանի որ դատավոր Սուրեն Խաչատրյանը դասերի է գնում, միգուցե ծանուցում են ուղարկել, բայց չի հասել։ «Արդյունքում՝ Վլադիմիր Գասպարյանին այլ ելք չմնաց, քան ինչպես դժվարությամբ ներկայացել էր, այնպես էլ հեռանալ դատարանից»,- գրել է թերթը։
2023 թվականի հուլիսին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի գույք։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել էին Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս: